Վրաստանն արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաների վերաարտահանումը

Վրաստանն արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի վերաարտահանումը։ Այս մասին հաղորդվում է՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ Ծառայությունների գործակալությանը, որն իրականացնում է մեքենաների գրանցումը։
Գերատեսչության թեժ գծից պարզաբանել են, որ փոփոխությունները վերաբերում են ինչպես մարդատար ավտոմեքենաներին, այնպես էլ հատուկ տեխնիկային՝ բուլդոզերներ, էքսկավատորներ, գրեյդերներ, տրակտորներ, տեղեկացնում է «Новости Грузия»-ն։ Մինչև օրս Ռուսաստան և Բելառուս վերաարտահանումն արգելված էր, սակայն այդ երկրների քաղաքացիները կարող էին ձևակերպել ավտոմեքենաների արտահանումը Վրաստանից երրորդ պետություններ։ Այժմ այս հնարավորությունը բացառված է։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտել մայիսի 15-ից։
Ավելի վաղ այս շաբաթ եվրոպական և ամերիկյան ավտոմեքենաների՝ Վրաստանից վերաարտահանման նոր կանոնների մասին տեղեկատվություն էր հայտնվել ռուսաստանյան ԶԼՄ-ներում։ Պետական գերատեսչությունների կողմից հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ մինչև այժմ չեն եղել։
ՌԴ-ում նոր սահմանափակումները կապում են լրագրողական հետաքննությունների հետ, որոնցում հաղորդվում էր, որ Վրաստանն օգտագործվում է որպես պատժամիջոցները շրջանցելու տարանցիկ ուղի։ Վրաստանի կառավարությունում բազմիցս հերքել են նման հրապարակումները՝ հայտարարելով, որ երկիրը պահպանում է բոլոր սահմանափակումները։

Leave a Comment