ԵՄ-ն որոշել է ֆինանսավորել «Ազատություն» ռադիոկայանը և 5,5 մլն եվրո է հատկացրել

ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանը և իր բյուջեից 5,5 մլն եվրո է հատկացրել, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն «նպատակ ունի, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանը շարունակի աշխատել ԵՄ հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:

«Դա կարճաժամկետ ֆինանսավորում է։ Այժմ ԵՄ երկրները պետք է համաձայնության գան միմյանց միջև երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ»,- հավելել է Կալլասը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին հրամանագիր էր ստորագրել ամերիկյան Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների կառավարական գործակալության (USAGM) և մի շարք այլ կառավարական կառույցների գործունեության մասշտաբների զգալի կրճատման մասին: USAGM-ը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը» հրատարակությունները։

Փետրվարին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ էր արել փակել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը»:

Leave a Comment