ԱՄՆ-ն Լիբանանի իշխանություններին կոչ է արել «ավելին անել» «Հեզբոլլահի» զինաթափման համար

Լիբանանը դեռ «ավելին» պետք է անի «Հեզբոլլահի» զինաթափման համար՝ շարժման և Իսրայելի միջև պատերազմից հետո, երեքշաբթի հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրթագուսը, հաղորդում է AFP-ն։
Անցյալ տարվա նոյեմբերին կնքված, մարտական գործողությունների 14-ամսյա դադարեցման մասին համաձայնագրի համաձայն՝ «Հեզբոլլահը» պետք է իր զինյալներին դուրս բերեր Լիբանանում Լիտանի գետից հյուսիս, իսկ Իսրայելը պետք է իր բոլոր ուժերը դուրս բերեր Լիբանանի հարավից։
Լիբանանյան բանակը տեղակայվել է այդ շրջանում իսրայելական զորքերի դուրսբերումից հետո և այնտեղ վերացրել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները։
ՄԱԿ-ի խաղաղապահները նույնպես ներկա են այդ տարածքում և հրադադարի ռեժիմի պահպանման դիտորդների դեր են կատարում։
«Լիբանանի իշխանությունները վերջին վեց ամիսների ընթացքում ավելին են արել, քան, թերևս, վերջին 15 տարում», – ասել է Օրթագուսը Քաթարի տնտեսական համաժողովում՝ խոսելով «Հեզբոլլահի» զինաթափմանն ուղղված ջանքերի մասին։
«Սակայն առջևում դեռ շատ աշխատանք կա», – հավելել է նա։
«Մենք Միացյալ Նահանգներում կոչ ենք անում «Հեզբոլլահի» լիակատար զինաթափման։ Եվ դա չի նշանակում, որ միայն Լիտանիից հարավ։ Դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է ամբողջ երկրին», – ասել է Օրթագուսը Քաթարում կայացած համաժողովում՝ լիբանանցի քաղաքական գործիչներին կոչ անելով «որոշում կայացնել»։
Չնայած հրադադարին, Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել հարևան երկրի վրա։
Անցյալ ամիս Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել էր, որ բանակը տեղակայված է Լիբանանի հարավային տարածքի ավելի քան 85%-ում, և որ սահմանամերձ գոտու լիակատար վերահսկողության միակ խոչընդոտը Իսրայելի կողմից հինգ սահմանային դիրքերի օկուպացիան է։

Leave a Comment