Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ կքննարկվի նաև Անդրկովկասի հարցը

Քաղաքականություն

20.05.2025 | 18:09

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 25-27-ն աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի վրա»,- ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ կքննարկվեն նաև ժամանակակից պայմաններում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները։

«Նախարարները կքննարկեն երկկողմ շփումների ժամանակացույցը ամենաբարձր և բարձր մակարդակներում»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Լավրովն ապրիլին էր այցով Թուրքիայում, որտեղ մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment