Էդմոն Մարուքյանը նիկոլիզմի գաղափարախոսությունը կրողն է, էդ ո՞նց եղավ, որ փոխվեց. Կյուրեղյան

Որպեսզի իմպիչմենտի գործընթացը դրական արդյունքի բերի, միաժամանակ պետք է չորս բաղադրիչ միաժամանակ տեղի ունենա: Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Առաջինը՝ պետք է 36 պատգամավոր ստորագրեն, որ նախաձեռնում են իմպիչմենտի գործընթացը, երկրորդ, որ պետք է անպայման այդ նամակի մեջ, որով դիմում են ԱԺ–ին, ներկայացված լինի վարչապետի իրենց թեկնածուն, երրորդ, որ պետք է 72 ժամվա մեջ նիստը կայանա և 72 ժամվա մեջ Ազգային ժողովը որոշում կայացնի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այս ամենը պետք է միաժամանակ տեղի ունենա, որպեսզի մենք համոզված լինենք, որ սա դրական արդյունք կտա և սկսենք այս գործընթացը։
Ենթադրենք, 36 ստորագրությունը հավաքվեց, մենք համոզված ենք, չէ՞, որ էն 18 քվեն, որ անվստահություն հայտնելու համար պետք է տային ՔՊ-ականները, պետք է մենք արդեն ապահոված լինենք։ Մենք առավել քան համոզված ենք, որ որպեսզի մենք կարողանանք ապահովել 18 քվե ՔՊ-ից, մենք պետք է ունենանք հանրային մեծ ճնշում փողոցում։ Հիմա այստեղից հարց՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյան թեկնածուն էն թեկնածուն է, որը պետք է առաջացնի էն հզոր փողոցային ճնշումը, որը կբերի 18 քվե։ Սա շատ լուրջ հարց է։ Բացի դա, արդյոք Էդմոն Մարուքյանը, ըստ էության, ինքը այդ հանրության ճնշում առաջացնող թեկնածուն է և արդյոք Էդմոն Մարուքյանը այն թեկնածուն է, որը հականիկոլիզմի պայքարի թեկնածուն պետք է լինի։ Ես խիստ կասկածներ ունեմ այդ ուղղությամբ։
Մյուս կողմից, եթե դե խոսքը մեր խմբակցության վերաբերմունքի մասին է, ապա մեր խմբակցությունը վաղուց արդեն հայտարարություն տվել է, որ եթե հայտնի են այդ ութ ստորագրությունները, ապա այդ պարագայում նոր խմբակցությունը կսկսի քննարկել թեկնածուի հետ որոշակի հարցադրումներ»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե Մարուքյանի փոխարեն այլ թեկնածու էլ լինի, էլի գլխավոր պայմանը այդ 8 ստորագրություններն են հարցը քննարկելու համար։
«Հիմ ոչ էն ունենք, ոչ էն ունենք, ու այսպես անիմաստ տեղը քննարկում ենք ու նսեմացնում ենք իմպիչմենտի գործընթաց։ Խնդիրը 36 ստորագրությունը չէ միայն, խնդիրը հանրային լայն ճնշում առաջացնելով ամենաքիչը 18 ՔՊ-ական քվե ունենալն է, բայց որպեսզի դու 18 հաստատ քվե ունենաս ՔՊ-ից, դու առնվազն պիտի 25-30 հաշվարկված կողմնակից ունենաս ՔՊ-ից։ Սկսել գործընթացը, հետո ասել՝ տեսնենք հանրային ճնշում կառաջանա, 18-ը կունենանք, թե չէ, դա աբսուրդ է։ Եթե դու գործընթացը սկսում ես, նշանակում է, պիտի հաշվարկված սկսես, իսկ այսօրվա մեր հաշվարկներով, այսօր այդ պահը չէ։ Եթե մենք ճիշտ հաշվարկված չգործեցինք, մենք հեշտացնելու ենք Նիկոլ Փաշինյանի գործը, որովհետև եթե հարցը մտավ ԱԺ ու ԱԺ պատգամավորների կեսից ավելին կողմ չքվեարկեց իմպիչմենտին, մենք վեց ամիս Նիկոլ Փաշինյանի դեմ ընդհանրապես նման գործընթաց սկսելու հարցադրման հարցը փակում ենք։ Մենք երբևիցե չենք ասել, որ այս գործիքը չենք օգտագործելու, մենք ասել ենք՝ այս գործիքը կօգտագործվի ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, երբ որ համոզված լինենք, որ ունենք համապատասխան փողոցային ճնշումը գեներացնելու հիմքերը և ունենք նաև 18 և ավելի ՔՊ–ականների աջակցությունըմ, որոնք կողմ կքվեարկեն։
Ոչ միայն վեց ամիս կշահի Նիկոլ Փաշինյանը, այլ նաև մենք կունենանք մի հատ շատ ավելի լուրջ բացասական հետևանք, հանրությունը այլևս փողոցային ճնշման վրա հույս չի դնի, և եթե գա այդ պահը, ինքը այլևս փողոցային ճնշման դուրս չի գա, որ եթե հաշվարկված պետք է փողոցային ճնշումով սկսել այդ իմպիչմենտը, նա արդեն կկորցնի վստահությունը թե՛ այս գործիքի կիրառման և թե՛ նրան փոխելու հնարավորության շուրջ»,–ասաց Կյուրեղյանը։
Անդրադառնալով նրան, որ «Պատիվ ունեմը» հայտարարել էր, որ եթե լինի վարչապետի թեկնածու, իրենք առանց նախապայմանների կմիանան գործընթացին, իսկ հիմա ասում են, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը դեմ են, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես ինչ-որ տեղ հասկանում եմ «Պատիվ ունեմի» այդ վերաբերմունքը, իրենք շատ հստակ բացատրել են, որ Էդմոն Մարուքյան կերպարը իրենց համար «Նիկոլ 2» կերպարն է։ Ես ինքս էլ միշտ այդպես եմ նկարագրել Մարուքյանին։ Էդմոն Մարուքյանը լրիվ Նիկոլ Փաշինյանի թելը թելող մարդն է, նա լրիվ նիկոլիզմի գաղափարախոսության կրողն է եղել, այդ ո՞նց եղավ, որ հիմա փոխվեց։ Ես չեմ հավատում նման փոփոխությանը, եթե իհարկե դա նպատակային ձևական փոփոխություն չի»։

Leave a Comment