Հանրապետությունում 2024 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, որը, 2023 թվականի 5070-ի դիմաց, նվազել է 1431-ով։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը նշեց, որ դեպքերի նվազումը պայմանավորված է նաև սահմանին իրականացվող ուժեղացված ծառայությամբ։
«Չնայած թմրամիջոցների հետ կապված ընդհանուր գործերի թիվը նվազել է` ավելացել է մաքսանենգության ճանապարհով թմրամիջոցներ անցկացնելու դեպքերի բացահայտման ցուցանիշը։ Եթե 2023 թվականին 210 դեպք էր, ապա 2024 թվականին կազմել է 444։ Սա նշանակում է, որ սահմանին մեծ խմբաքանակների մուտքը բացահայտելով, կանխվում է հետագայում երկրի ներսում դրանց փոքր քանակներով իրացնելու փորձը»,-ասաց Հովհաննես Համբարյանը։
2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդհանուր հոդվածներով պատասխանատվության է ենթարկվել 1228 անձ, որից միայն իրացման համար՝ 342 անձ։ Այս ցուցանիշում անչափահասների թիվը կազմում է 7։
«Գործերի նման մեծ ծավալի նվազումը չի հանգեցրել պատասխանատվության ենթարկված անձանց թվի նվազման։ Ինչը ենթադրում է, որ պայքարի արդյունավետության մակարդակը պահպանվել է։ Ինչ վերաբերում է անչափահասների ներգրավվածությանը, ապա տեսնում ենք, թե ինչ ցածր տոկոս է կազմում։ Իհարկե, անչափահասի ներգրավվածության նույնիսկ 1 դեպքը ցավալի է, սակայն շրջանառվող այն կարծիքները, թե երեխաների շրջանում լայն տարածում ունի այս խնդիրը, կարծում եմ, որ վիճակագրության մեջ արտացոլված է ամեն ինչ»,-ասաց Հովհաննես Համբարյանը։
ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը նշեց, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների լայն տարածման մասին տեղեկությունը ուռճացված է։ Ըստ նրա, իհարկե, հնարավոր է վիճակագրությունն իրականությունից փոքր-ինչ տարբերվի, սակայն ճիշտ չէ ասելը, որ այդ երևույթը երեխաների շրջանում լայն տարածում ունի։
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՆԳՆ ու ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում են դպրոցներում անվտանգային համակարգ ստեղծելու հարցը:
«Մենք 1700 կրթական հաստատությունում իրականացրել ենք տեսախցիկների հագեցվածության աստիճանի մոնիթորինգ։ Այսինքն՝ պարզել ենք, թե որտեղ տեսախցիկներ կան տեղադրված, որքանն է գործում, որքանն է օնլայն ռեժիմով տեսագրվում, որքանն է տեսագրվում ու արխիվացվում և այլն։ Մանրամասն տեղեկությունները փոխանցել ենք ԿԳՄՍՆ-ի մեր գործընկերներին։ Անվտանգային համակարգն իրենից ենթադրում է հետևյալը՝ դպրոցների տարածքի ցանկապատում, լուսավորություն, անցակետերի տեղադրում, տեսախցիկներով հագեցվածություն, անհրաժեշտության դեպքում անվտանգության աշխատակիցների ներառում»,-ասաց Էդգար Պետրոսյանը։
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՆԳՆ-ն նաև անցկացնում է իրավական իրազեկման աշխատանքներ ծնողների ու մանկավարժների հետ։ Տրամադրվում է լայն տեղեկատվություն հնարավոր ռիսկերի, երեխաների վարքագծի հնարավոր փոփոխության, նրանց մոտ ի հայտ եկած իրերի նշանակության մասին։ Մասնագետները նշում են, որ միայն իրավապահ մարմինների գործողությունները բավարար չեն, անհրաժեշտ է մանկավարժների ու ծնողների ակտիվ ներգրավվածությունը, զգոնությունը։