Գավառի համայնքապետարանի կողմից հատկացված դրամաշնորհների հաշվին բարելավվել են Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի աշխատանքային պայմանները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանը 2024 թվականի բյուջեից ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ դպրոցի առկա կարիքներն ու խնդիրները որոշակիորեն լուծելու նպատակով: Կապիտալ դրամաշնորհով հատկացվել է 700 հազար դրամ, որով ձեռք է բերվել պարասրահի համար զգեստապահարան, դաշնամուր և գրասենյակային աթոռ: 1 միլիոն դրամ ընթացիկ դրամաշնորհն էլ ծախսվել է երգչախմբի հագուստ, մրցանակների ցուցատախտակ, նկարների ու պատվոգրերի շրջանակներ ձեռք բերելու վրա: 400 հազար դրամ էլ հատուկ նպատակային հատկացում է կատարվել:
Դպրոցում 2024 թվականին կատարվել են նաև շինարարական աշխատանքներ. համայնքի բյուջեի միջոցներով մեկ դասասենյակը վերակառուցվել է երկուսի, վերանորոգվել ու կահավորվել են: Այս նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեից 1 միլիոն 920 հազար դրամ է հատկացվել: Ավելացրել են ջեռուցման մարտկոցները, ջեռուցման համակարգի համար պահարան է կառուցվել:
2025 թվականի բյուջեի միջոցներով էլ վերանորոգվել է երաժշտական դպրոցի պարասրահի հատակը. նախկին փայտե հատակը փոխարինվել է վինիլայինով: Աշխատանքների համար ծախսվել է 1 միլիոն 950 հազար դրամ:
Գանձակի երաժշտական դպրոցին 2025 թվականին կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ են տրամադրվել՝ պարարվեստի բաժնի սաների համար զգեստներ գնելու նպատակով: Ապրանքների ձեռքբերումն արդեն ընթացքի մեջ է։