«Պատիվ ունեմ»-ը չի միանալու վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին․ Մամիջանյան

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները որոշում են կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին, հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- գրել է նա։

Մամիջանյանը հավելել է, որ թեկնածու առաջադրած պատգամավորները որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը։

Leave a Comment