
Նորվեգական Norwegian ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ կանգ առնելով ծովից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է նորվեգական NRK հեռարձակող կորպորացիան։
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 171 մարդ՝ անձնակազմի 6 անդամ և 165 ուղևոր։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կանգ է առել ջրից հինգից վեց մետր հեռավորության վրա։
Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ սահուն թռիչքուղին և քամու կտրուկ պոռթկումը։