Գեղագիտության ազգային կենտրոնում մայիսի 21- ին բացվելու է Սեդրակ Վելիկոդնիի «Նոր ՏասաԿետ» վերնագրով անհատական ցուցահանդեսը։
Բնապատկերներից կազմված ստեղծագործությունները, նկարչի վերջին 6-7 տարվա աշխատանքների հանրագումարն է։
Սեդրակ Վելիկոդնին պատմում է, որ բնապատկերը, նրան սկսել է հետաքրքրել, երբ բնության մեջ նկատել է միջավայրին անհամապատասխան իրեր, օբյեկտներ։ Դրանք խորհրդային տարիներից մնացած մետաղական իրեր են, հին ժանգոտ կրպակներ, ամայի տարածություններում՝ արևապաշտպան հովանոցներ և այլն։ Նկարներում բնապատկերը, այդ օբյեկտների համար ընդամենը միջավայր և ֆոն է ստեղծում։
«Ինձ համար գլխավորը օբյեկտերն են, բնության մեջ նրանք կարող են ամենաանսպասելի տեղերում լինել։ Ես ցույց չեմ տալիս երևույթների լավ կամ վատ կողմը, ես ուղղակի ցույց եմ տալիս փաստը, այդ օբյեկտների գոյությունը, նրանց հարաբերությունները միջավայրի հետ։ Նկարչի նպատակը երևույթը ուղղակի որպես երևույթ տեսնելն է, ոչինչ ավելին։ Ես փորձում եմ ուշադրություն գրավել այդ օբյեկտների վրա, որ մարդիկ կանգ առնեն, մտածեն ու հասկանան, թե ինչ նշանակություն ունեն այդ օբյեկտները իրենց կյանքում», – ասում է Սեդրակ Վելիկոդնին։
Նկարիչն ասում է, որ անցյալի հանդեպ նոստալգիկ տրամադրություններ չունի։ Լքված տարածքներն ու օբյեկտները կապ են ստեղծում անցյալի ու ներկայի սերունդների միջև։ Հինը քանդելուց առաջ, ուղղակի պետք է մտածել, թե ինչ նպատակով և ինչու է ստեղծվել այն, ինչու գոյություն ունի այս կամ այն շինությունը, սյունը կամ օբյեկտը։
Սեդրակ Վելիկոդնիի անհատական ցուցահանդեսը Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի մայիսի 21–ին, ժամը 19։00–ին