Մխիթարյանի «Ինտերը» վերջին րոպեներին կորցրեց հաղթանակը «Լացիոյի» դեմ
Իտալիայի առաջնության նախավերջին տուրում Միլանում կայացած հանդիպմանը չեմպիոն «Ինտերը» հյուրընկալեց Հռոմի «Լացիոյին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով։
Հաշիվը բացվեց արդեն առաջին խաղակեսի երկրորդ րոպեին․ «Ինտերի» գոլը խփեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։ Երկրորդ կեսում, 76-րդ րոպեին, իսպանացի հարձակվող Պեդրոն հավասարեցրեց հաշիվը։ Սակայն հոլանդացի Դենզել Դյումֆրիսը 80-րդ րոպեին կրկին առաջ մղեց «Ինտերին»։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Պեդրոն 11-մետրանոցից դուբլ ձևակերպեց։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սկսեց խաղը մեկնարկային կազմում և փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։
Այս արդյունքով «Ինտերը» վաստակեց 78 միավոր և երկրորդ տեղում է՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Նապոլիին», որն իր հերթին արտագնա խաղում 0:0 է ավարտել «Պարմայի» հետ։