Իսրայելը Մերձավոր Արևելքի «Մոխրոտի՞կն է»





Միացյալ Նահանգների նախագահի մերձավորարևելյան շրջայցը Երուսաղեմում քիչ է ասել, թե շոկային ազդեցություն է ունեցել: Նախկին վարչապետ Բենետը, որ հավակնում է գալիք ընտրություններում պայքարել և իշխանության վերադառնալ, Նաթանյահուի կառավարությանն անվանել է «կաթվածահար» և նրան մեղադրել «Իրանին վերջնականապես հաղթելու հնարավորությունը բաց թողնելու» մեջ:

«Երբ Կատարը տրիլիոն դոլարի գործարք է կնքում ԱՄՆ հետ և բարձրացնում իր ռազմավարական կարգավիճակը, երբ Էրդողանի Թուրքիան լեգիտիմություն է ստանում և լրացուցիչ էլ ձեռք բերում F -35 կործանիչներ, երբ ահաբեկիչ ալ-Ջուլանիի Սիրիան բոլոր պատժամիջոցներից ազատվում է և փոխարենը ոչինչ չի տալիս, երբ Սաուդյան Արաբիան միջուկային ծրագրի իրավունք է ունենում, մենք պետք է ամպերից վայր իջնենք եւ ընդունենք, որ Դոնալդ Թրամփն աշխատում է ոչ թե մեզ, այլ Միացյալ Նահանգների համար»,- իրավիճակն այսպես է գնահատել «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը:

Նրա կարծիքով՝ Իսրայելի քաղաքական և հանրային շրջանակների հիասթափությունն այդքան խոր չէր լինի, եթե ավելի քան կես դար չիշխեր տպավորությունը, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում այլ դաշնակից չունի և չի կարող ունենալ: Հեղինակը, սակայն, գտնում է, որ եթե Դոնալդ Թրամփը Պարսից ծոցի արաբ մակետներին հանդիպելուց առաջ Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ռոն Դերմերին և նրա հետ քննարկումներ ունեցել, ապա Իսրայելը դեռևս երկխոսության գործիքակազմ ունի, եթե, իհարկե, դարձյալ չհապաղի և ժամանակը բաց չթողնի:

Այս հրապարկման ամենաուշագրավ դիտարկումը, թերևս, այն է, որ հեղինակը Նաթանյահուի կառավարությանը ծաղրում է Գազայում «մի քանի թունել ոչնչացնելու վրա ժամանակ և միջոցներ ծախսելու» համար: Սա քաղաքական «գրագողություն» է: Գազայում «Գեդեոնի մարտակառքեր» անվանված ռազմագործողությունն «անպտուղ» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թեև հավելել է, որ «Բիբին դժվար կացության մեջ է և պայքարում է արիաբար»:

Իսրայելցի մեկնաբանի կարծիքով՝ խնդիրը Նաթանյահուի կառավարության «կաթվածահար վիճակն է»: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Իսրայելի հաջորդ վարչապետին հաջողվելու է ԱՄՆ հետ հարաբերություները վերադարձնել նախկին մակարդակին: Չէ՞ որ արաբական աշխարհն այլևս այն չէ, ինչ՝ կես դար կամ նույնիսկ երկու տասնամյակ առաջ: Կատարը ԱՄՆ մեկ տրիլիոն դոլարի ներդրումային պայմանագիր է ստորագրել, մեկ տրիլիոն չորս հարյուր միլիարդ են գնահատվում Արաբական Միացյալ էմիրությունների, վեց հարյուր միլիարդ՝ Սաուդյան Արաբիա խոստացած «ներարկումները»:

Այդ երկրները, Եգիպտոսը և Հորդանանը պատրաստ են իրենց վրա վերցնել Գազայի վերականգնման ծախսերը, աջակցել Սիրիայի տնտեսության վերակազմակերպմանը: Նման ծավալի ձեռնարկումները սոցիալ-տնտեսականից զատ ունեն նաև անվտանգային նշանակություն: ԱՄՆ նախագահը երեք օր գտնվել է Մերձավոր Արևելքում, որպեսզի Չինաստանի, ինչ-որ առումով՝ նաև Ռուսաստանի ազդեցության հակակշիռ ստեղծի:

Այս դիտանկյունից գնահատելիս, երևի, էական չէ, թե վաղն ինչ վարչակազմ կլինի Վաշինգտոնում կամ Երուսաղեմում ով կզբաղեցնի հրեական պետության վարչապետի աթոռը: Ընդդիմության հավանական առաջնորդ Բենետը կանխատեսում է, որ Մերձավոր Արևելքում «տեկտոնիկ տեղաշարժեր են սպասվում»: Նա զարմացած է, որ Միացյալ Նահանգները չի օգտվում Իրանի թուլությունից, իշխանությունների նկատմամբ հանրային խոր դժգոհությունից և կարծում է, որ մեղքը Նաթանյահուի «կաթվածահարության» մեջ է:

Որքանո՞վ է հիմնավոր այդ ընկալումը: «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանն, ընդհակառակը, համոզված է, որ Իսրայելի «դժբախտությունը համակարգային մեծամտության մեջ է»: Պետք է հասկանալ, որ հրեական պետությունը հարևան արաբական պետություններին վերևից է նայել, նրանց հնարավորությունները չի հաշվարկել, անտեսել է Իրանի՝ որպես ոչ միայն ռազմական, այլև քաղաքակրթական սուբյեկտի միջազգային կարեւորությունը: Բայց այս իրավիճակը կոնկրետ Հայաստանի համար մի նշանակություն ունի, ի՞նչ ընթացք և բովանդակություն կունենան իսրայելա-ադրբեջանական , թուրք-իսրայելական հարաբերությունները, Ալիևին կհաջողվի՞ Երուսաղեմի և ԱՄՆ-ում հրեական լոբբի փոխարեն գործի դնել Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ կապերը և հասնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերբեռնման, թե՞ Վաշինգտոնը Հարավային Կովկասը կպահի ամբողջական «հավասար հեռավորության» ռեժիմում: Եթե Բիբին հեռանա, Իսրայելը կվերագտնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կարեւորագույն դաշնակցի կարգավիճակը: «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանն այսօրվա Իսրայելն անվանել է Մերձավոր Արևելքի «Մոխրոտիկ»:

Leave a Comment