Իրանը թույլ չի տա, որ թշնամիները վնասեն Հայաստանի հետ հարաբերություններին. Ահմադիան

Քաղաքականություն

18.05.2025 | 17:01

Իրանը թույլ չի տա, որ թշնամիները վնասեն իր ռազմավարական հարաբերություններին Հայաստանի հետ, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, փոխանցում է Tasnim-ը։

Այսօր՝ մայիսի 18-ին, Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ահմադիանը նշել է, որ Իրանի և Հայաստանի «ռազմավարական հարաբերությունները» և բոլոր ոլորտներում համագործակցությունը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։

«Իրանը թույլ չի տա, որ թշնամիները վնասեն երկու հարևանների միջև բարեկամական հարաբերություններին»,-ասել է նա։

Ահմադիանը ընդգծել է՝ Իրանի քաղաքականությունն ուղղված է բոլոր հարևանների հետ սերտ կապեր պահպանելուն և նշել, որ արտաքին ուժերը հետաքրքրված չեն տարածաշրջանում խաղաղությամբ։ Իրանական կողմի ներկայացուցիչը նաև կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի լիարժեք իրականացումը։

Իր հերթին, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների ընդլայնումը կախված չէ երրորդ կողմերի կամքից։

Հայաստանի պաշտոնյան նաև բարձր է գնահատել իրանական մասնավոր հատվածի մասնակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական և էներգետիկ նախագծերին։

Leave a Comment