
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը հայտարարել է, որ ինքը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ միասին, նպատակ ունի խոսել Դոնալդ Թրամփի հետ՝ մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի օրը նախատեսված նրա հեռախոսազրույցից առաջ:
Մերցն ասել է, որ քննարկել է այս հարցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանք այսօր մասնակցել են Վատիկանում Հռոմի պապ Լևոն XIV-ի երդմնակալության պատարագին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Մերցի խոսքով՝ Վատիկանում նա երկար զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, այդ թվում՝ վաղվա զանգի մասին։ Մենք համաձայնության ենք եկել, որ կրկին կխոսենք չորս պետությունների ղեկավարների և ԱՄՆ նախագահի հետ՝ (Պուտինի հետ) նրա զրույցը նախապատրաստելու համար», — լրագրողներին ասել է Մերցը։