
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի կմասնակցի նորընտիր Հռոմի պապ Լևոն 14-րդի երդմնակալության արարողությանը՝ աշխարհի բազմաթիվ այլ առաջնորդների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։
ԱՄՆ-ի կողմից արարողությանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ընտ աղբյուրի՝ Ռուբիոն հայտնել է, որ շաբաթ օրը կարդինալ Մատեո Զուպպիի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը: Զուպպին հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանագնացն էր ռուս-ուկրաինական հակամարտության հարցերով։
Ռուբիոն կարծիք է հայտնել, որ Վատիկանը կարող է դառնալ երկխոսությունը խթանող հարթակ։
«Դա անկասկած այն վայրն է, որտեղ, կարծում եմ, երկու կողմերն էլ իրենց հարմարավետ կզգան», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
Կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվող պատարագին և Հռոմի պապի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Իսրայելի, Պերուի և Նիգերիայի նախագահները, Իտալիայի, Կանադայի և Ավստրալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ներկա կլինեն նաև բազմաթիվ եվրոպական թագավորական ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Լետիցիան։ Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։