
Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների խոշորագույն փոխանակման շուրջ՝ 1000-ը 1000-ի դիմաց: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումներից հետո կողմերը պետք է իրականացնեն այնտեղ համաձայնեցված և ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու կողմից թվարկված քայլերը»,- հայտարարել է Պեսկովը։
«Նախևառաջ, մենք պետք է իրականացնենք ռազմագերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակում և ներկայացնենք այն պայմանների հիմնական ցանկը, որոնք քննարկվել են երեկ, և որոնց մասին խոսել է իմ գործընկեր Մեդինսկին», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո Մեդինսկու կողմից մատնանշված համաձայնությունների ցանկում նշվում էր, որ կողմերից յուրաքանչյուրը մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեսնում «հնարավոր ապագա հրադադարը»։