Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաալիքի հաղորդավարը ուղիղ եթերում վիրավորել է հայերին: Այս մասին հայտնում է SavetheArQ նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում:
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո հաղորդավարը հայտարարել է. «Չեմ հավատում, որ այդ տղաներին Երուսաղեմում թաղամաս ենք տվել»:
SavetheArQ շարժումն այս արտահայտությունն անվանել է ռասիստական և ընդգծել, որ Երուսաղեմում հայկական ներկայությունն ավելի քան 1600 տարվա պատմություն ունի:
«Սա մտահոգիչ, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որն ուղղված է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառույցի անբաժանելի մաս կազմող հնագույն համայնքին: Նախ ուզում ենք ճշտել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին «չի հանձնվել»։ Այն կառուցվել, պահպանվել և զարգացել է դարեր շարունակ հայ ժողովրդի կողմից, որն իր շարունակական ներկայությունն է պահպանում սուրբ հողում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի: Այս ներկայությունը ճանաչված է ամբողջ աշխարհում և եզակի ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում», — ասվում է SavetheArQ շարժման հայտարարության մեջ:
SavetheArQ շարժումը կոչ է արել Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնապես ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից:

