ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ։
«Թույլ տվեք ի սրտե շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ: Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան: Հանրապետության բնակիչները՝ ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչները, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքը պաշտպանած 600 000 հայերի հիշատակին, որոնցից 300 000-ը տուն չվերադարձավ:

Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խորը հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմական կեղծ հայտարարությունները, որոնցով փաստացի արդարացվում է ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։
Նման արարքը դժվար է գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք թույլ չտվեցին իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու՝ Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «դարչնագույն ժանտախտից», — ասված է Հայաստանում ՌԴ դեսպանի նամակում։