ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգայանին կոչ է արել հրաժարական տալ սկանդալային միջադեպերի պատճառով, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ Գասպարյանին ՔՊ վարչության նիստի ժամանակ «հասկացվել» է, որ հրաժարական ներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի հարցը փոանցվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին:
Ըստ թերթի՝ Փաշինյանը վարչության նիսի ժամանակ ասել է, որ Գասպարյանի ամուսնու և սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմության և Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցի շուրջ ընդդիմությունը հարցեր է տալիս, որին պետք է լուծում տրվի։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն գազալցակայանում տեղի ունեցած սպանությանը Գասպարյանի ամուսնու մասնակցության շուրջ։ Իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում, որ նրան ձերբակալեն, նշել է ԶԼՄ-ն։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Տեր-Մարգարյանն իր հնարավոր հրաժարականից առաջ տեղակալ-տեղապահ է նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սևոյանին։
Մայիսի 15-ին Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը նույնպես հրաժարական է ներկայացրել։
