Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ





Հայ հանրությունն այս վերջին 30 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել էր, բայց ԱԺ ամբիոնից  հայհոյանքների ականատես չէր եղել:

Երեկ,  հանրությունը նաև դրա ականատեսը եղավ, որտեղ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը բացահայտ հայհոյախառը ձևակերպումներով հանդես եկավ:

Դա այն նույն անձն է, որ առողջապահության նախարարի պաշտոնում էր աշխատել Քովիդի ժամանակահատվածում, և իր անվան շուրջ տարբեր մութ պատմություններ էին պտտվում:

Խոսվում էր, որ նա կարող էր նույնիսկ կալանավորվել: Տեսանելի էր, որ նա մի ինչ-որ պահի Հովիկ Աղազարյանի կարգավիճակում էր գտնվում, կուսակցության ներսում, երբ նրա հետ զգուշանում էին շփվել: Իհարկե, այս ամենը  ոչ հրապարակային ձևով էր արտահայտվում, ի տարբերություն Հովիկ Աղազարյանի պատմության:

Սակայն մի ինչ-որ պահից սկսած, Թորոսյանի գլխի վերևի  ամպերը վերացան, և նա կրկին սկսեց ակտիվ խոսել ԱԺ ամբիոնից:

Երեկվա դեպքերի ժամանակ Թորոսյանն իրեն սկսեց զգալ, ինչպես ձուկը՝ ջրում:

Նա ամբիոնից սկսեց հայհոյախառը  բառապաշարով հանդես գալ, կարծես փորձելով ցույց տալ իր «տղամարդկային»  էությունը:

Շատերը դա գնահատեցին, որպես փորձ՝ ցույց տալ Փաշինյանին իր առանձնահատուկ հավատարմության աստիճանը, հատկապես 2026-ի ընտրությունների շեմին, երբ պիտի որոշվի, թե այսօրվա ԱԺ-ի ՔՊ-ական խմբակցությունից  ովքեր պիտի կրկին հայտնվեն ՔՊ ցուցակում:

Իհարկե այդ խնդիրը դարձել է, բոլոր ՔՊ-ական պատգամավորների համար գլխավոր հարցերից մեկը: Քանի որ նրանք շատ լավ հասկացել են, որ ապագա ԱԺ-ում իրենց ներկայաթյունը զգալիորեն ավելի քիչ քանակով է լինելու:

Սակայն դրան ի լրացում, շատ ՔՊ-ականների մոտ առաջ է եկել վախի սինդրոմը: Քանզի Գյումրու ընտրություններից հետո նրանք հասկացել են, որ գալիք 2026-ի ընտրություններում կարող է կրկնվել նույնանման արդյունք՝ մակրո մակարդակով:

Այդ իսկ պատճառով նրանց մոտ առաջ է եկել վախի սինդրոմը:

Իսկ այդ վախը նրանք փորձում են հաղթահարել ԱԺ ամբիոնի մոտ բարձր գոռգոռոցների միջոցով:

Հոգեբանությունից էլ հայտնի է, որ մարդն իր վախի սինդրոմը կարող է հաղթահարել, երբ նա մենակ չէ և, բացի այդ, կոլեկտիվում բարձր գոռգոռոցները բոլորին ուժ են տալիս, և առաջ է գալիս   անվտանգության պատրանք:

Թորոսյանի պարագայում դա հատկապես ակտուալ է, քանի որ իր հետևից կախված են մի շարք մութ պատմություններ, որոնք իշխանափոխությունից հետո կարող են բացահայտվել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am


Leave a Comment