Կառավարությունը լիազորություն կստանա ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին

ՀՀ կառավարությունը լիազորություն կստանա պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին։ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է մայիսի 15-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ:

Ըստ օրենքի նախագծի՝ արտադրանքի տրամադրման նպատակը նոր արտադրատեսակների մշակումը, արդիականացումը, նորոգումը կամ փորձարկումն է։

Հիմնական զեկուցող ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը նշեց, որ նախագիծը միտված է բարելավելու ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը:

«Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից»,- շեշտեց նա։

Ըստ պատգամավորի ՀՀ-ն կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության բարձրացումը խիստ անհրաժեշտ են: 

Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծի ընդունումն ակնկալում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, նորարարության խթանում:

Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր հերթին նշել է, որ մայիս ամսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք և լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների՝ նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման, հիմնանորոգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով: Նա նշեց, որ կառավարությանը համապատասխան ռազմամթերքը, զենքերը կտրամադրի ընկերություններին։

Նախագծի համահեղինակ, ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ նախագիծը հրատապության ռեժիմով և արտահերթ նիստում քննարկելու անհրաժեշտությունը բխում է ռազմական արդյունաբերության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքով։

«Այս պահի դրությամբ կան ձեռնարկություններ, որոնք տնվում են կառավարության ցանկի մեջ, կարիք ունեն որոշակի ռազմական նշանակության ապրանքների ստացման։ Հրատապության ռեժիմը ցույց է տալիս նաև մեր վերաբերմունքը ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ, սրանով մենք շատ ենք կարևորում, որ ռազմաարդյունաբերության զարգացւմը մեր երկրի ռազմավարական կարողություններից մեկն է»,- շեշտեց Խաչատրյանը։

 

Leave a Comment