Հայաստանը խստացնում է պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքից խուսափելու պատիժները։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 15-ի նիստում։
Ըստ նոր կարգավորման՝ վարժական հավաքից ինքնավնասման կամ հիվանդության սիմուլյացիայի, ինչպես նաև փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով խուսափելու համար պատիժ կսահմանվի մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկումը։
Համաձայն նախագծի՝ նշված հանցանքները կատարած անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին։
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։ Փետրվարի 4-ին ՊՆ-ն առաջարկել էր փոխել գործող օրենսդրությունը և վարժական հավաքներից խուսափելու մինչև 2 տարի ժամկետով պատիժը դարձնել մինչև 5 տարի։
Գործադիրի նախորդ շաբաթվա՝ մայիսի 8-ի նիստին որոշվել էր, որ Հայաստանում հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն:
