Եվրախորհուրդը սկսել է «Պուտինի տրիբունալի» ստեղծման գործընթացը

Քաղաքականություն

14.05.2025 | 19:19

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես մեկնարկել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու գործընթացը։ Այն ավելի վաղ ոչ պաշտոնապես անվանվել էր «Պուտինի տրիբունալ»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով։ Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի՝ մայիսի 14-ին, Լյուքսեմբուրգում կայացած նիստում, հաղորդում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոմիտեի նիստում Կիևի պաշտոնական ներկայացուցիչները հանձնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նամակը, որում նա խնդրում է նման տրիբունալ ստեղծել։ Դիմումն ընդունվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի կողմից։ Բերսեին հանձնարարվել է ղեկավարել հատուկ տրիբունալ ստեղծելու գործընթացը։

DW-ի աղբյուրների գնահատականների համաձայն՝ պաշտոնական ընթացակարգերը կարող են ավարտվել 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հատուկ դատարանի ստեղծման հիմնական խումբը, որը ներառում է մինչև 40 երկիր, Եվրահանձնաժողովը, ԵՄ արտաքին գործերի ծառայությունը և Եվրոպայի խորհուրդը, ավարտել է միջազգային այս դատարանի ստեղծման տեխնիկական նախագծի վրա աշխատանքները։

Նախագիծը բաղկացած է երեք հիմնական փաստաթղթերից՝ Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև դատարանի ձևավորման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի տեքստը, դրա կանոնադրությունը և դատարանի կառավարման վերաբերյալ համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է «ընդլայնված մասնակի համաձայնագիր»։ Այն վերաբերում է դրա կառավարմանը և ֆինանսավորմանը։ Որոշ երկրներ կկարողանան այն ավտոմատ կերպով ստորագրել՝ հիմնվելով Եվրոպայի Խորհրդին իրենց անդամակցության վրա, մինչդեռ մյուսները պետք է այն վավերացնեն իրենց ազգային խորհրդարաններում, ինչը կարող է ժամանակ պահանջել։

Մայիսի 9-ին էլ Լվովում ԵՄ ԱԳ նախարարները հավանություն էին տվել Ուկրաինայում ՌԴ հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment