Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են խաղալ

Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմը գործադուլ է սկսել տնօրեն Էմին Թորոսյանի հեռացման պատճառով։ Դերասանները հայտարարել  են, որ բեմում չեն խաղա այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանից չգան ու չխոսեն իրենց հետ տնօրենի ազատման պատճառների մասին։ Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ Թորոսյանին ազատելը պատճառաբանել են նրանով, որ նա անվճար շատ հրավիրատոմսեր է տրամադրել քաղաքացիներին։

Պարզաբանում ստանալու համար թատրոնի դերասանները ակցիա են սկսել, որտեղ էլ հայտարարել են, որ կշարունակեն խաղալ միայն քաղաքապետարանի հետ հանդիպելուց հետո։

«Չի կարելի ուղղակի ասել՝ որոշել ենք հեռացնել ղեկավարին, հաջողությո՛ւն։ Այդպես չի լինի։ Մենք հարցեր ունենք, վստահաբար դուք էլ ասելիք ունեք, հատկապես մեծ սերնդի մարդկանց, որոնք այս թատրոնի համար «արած ունեն»»,- ասել է դերասաններից մեկը։

Մեկ այլ երիտասարդ դերասան նշել է, որ ամենայն հարգանքով քաղաքապետարանի նկատմամբ՝ պահանջում են գալ քննարկման։
«Ասել եք՝ արեք»,- նշել է նա։ 

Ըստ այլ դերասանի՝ տոմսերի տրամադրումը քաղաքացիներին լոկ առիթ է տնօրենին ազատելու, այլ պատճառ կա։

«Պատճառը շատ ավելի խորն է, քան առիթը։ Եթե մենք տայինք դատի ու շահեինք, վաղը գալու էին, ասեին՝ էն մարտկոցը սխալ է դրված էնտեղ, տնօրե՛ն, հեռացար»,- ասել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկը։

Նա վստահ է՝ քաղաքապետարանը հանդիպում չի կազմակերպում, քանի որ ասելու բան չունեն։

«Ամենամեծ սուտը՝ գրված է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը հրավիրված է եղել քաղաքապետարան, և նրանք չեն բարեհաճել գալ հանդիպման։ Բարձրաձայն ասում եմ՝ մենք այդ հանդիպման ժամանակ ունեինք տնօրեն։ Ոչ մեկը մեր տնօրենին չի հրավիրել կոլեկտիվի հետ միասին քաղաքապետարան։ Ավելին՝ դա ասվել է մեր հարգարժան կոլեգային՝ Իշխան Ղարիբյանին, թող 35 հոգի առանց տնօրենի գա հանդիպման։ Ինչո՞ւ առանց տնօրենի, քանի որ ասել են՝ տնօրենն ագրեսիվ է»,- պարզաբանել է դերասանը։

Նրա խոսքով՝ հրավիրատոմսերի 20%-ը կարող է անվճար տրվել քաղաքացիներին, սակայն միայն 9,6%-ն է տրվել հաշմանդամություն ունեցող երեխաների, ուսուցիչների, զինվորականների, թոշակառուների։

Թատրոնի դերասան Հրաչյա Գասպարյանը մայիսի 13-ին ասուլիսում հայտարարել էր, որ երկու ամիս թատրոնի հաշվետվություններն էին ստուգում և ոչինչ չեն կարողացել գտնել։

«Միակ բանը, որ գտան, այն էր, որ նա հրավիրատոմսեր է տվել քաղաքացիներին, և դրա համար հեռացնում են»,- պարզաբանել էր նա։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը: Նրա ներկայացմամբ՝ նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը:

 

Leave a Comment