Թուրքիայում մեկնարկել են Anatolian Phoenix-2025 զորավարժությունները` Ադրբեջանի մասնակցությամբ

Քաղաքականություն

14.05.2025 | 16:19

Թուրքիայի Քոնիա քաղաքի ավիաբազայում մեկնարկել են Anatolian Phoenix-2025 միջազգային որոնողական-փրկարարական վարժանքները՝ տարբեր երկրներից ժամանած զինծառայողների, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների մասնակիցները նախ դիտել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի Türk Yıldızları ավիացիոն խմբի ցուցադրական թռիչքները։ Այնուհետև տեղեկատվություն է ներկայացվել զորավարժության նպատակների, սցենարի և իրականացման տարածքի, նախապատրաստման փուլերի, անվտանգության միջոցառումների և տարբեր փուլերի ընթացքում կատարվելիք առաջադրանքների վերաբերյալ։

Միջազգային վարժանքները կտևեն մինչև մայիսի 23-ը։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացված է ՌՕՈՒ օդաչուների, պարաշյուտային և որոնողական-փրկարարական ծառայությունների մասնագետների, տեխնիկական անձնակազմի և ավիացիոն տեխնիկայի խմբով, Սու-25  ինքնաթիռներով։

Զորավարժություններին մասնակցում են  Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իտալիան, Կատարը, Ռումինիան, Սլովակիան և Սաուդյան Արաբիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment