Երևանն ու Աստանան քննարկում են միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ

Երևանն ու Աստանան քննարկում են միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը


ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ, հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ:


Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացմանը՝ առաջարկելով դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը:


Խոսելով տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու համար:


Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին:


ՀՀ խորհրդարանի ղեկավարը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


 

Leave a Comment