Թրամփը ճանաչե՞ց Թուրքիայի «օսմանյան ժառանգության իրավունքը»





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջայցին ընդառաջ Politico-ի մեկնաբանը շատ ենթատեքստային դիտարկում է արել, որ «Սիրիայում Իսրայելի գործողությունները կարող են վերածնել «Իսլամական պետությունը» և ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր ստեղծել»: Իսրայելն, ինչպես հայտնի է, անցյալ դեկտեմբերին Դամասկոսում իշխանության եկած ուժերին համարում է «ջիհադականներ» և չի ճանաչում Սիրիայի անցումային շրջանի կառավարությանը:

Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հայտարարել է, որ որոշել է չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Իր որոշումը նա հիմնավորել է նրանով, որ Սիրիայի ժողովուրդն արժանի է լավ կյանքի, և այդ հնարավորությունը նրան պետք է տրվի: Թրամփը, սակայն, ավելացրել է, որ օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում «նման մի բան խնդրել է» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սիրիայում Բաշար Ասադի վարչախումբը տապալվել է, երբ Թրամփը դեռ չէր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, բայց նա այդ կարեւորագույն իրադարձությանն արձագանքել է շատ անկեղծ՝ հայտարարելով, որ դա Թուրքիայի նախագահի հաղթանակն է: Անցած ամիսներին թուրքական կողմը մշտապես անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից ամերիկյան սահմանափակ զորախումբը դուրս բերելու մեծ հավանականության մասին: Անկարան մի քանի անգամ հիշեցրել է, որ նման խոստում Թրամփը տվել է դեռևս նախագահության առաջին շրջանում: Ըստ վերջին տեղեկությունների, Վաշինգտոնը մոտ ժամանակներս կկրճատի Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղաբաշխված իր զորախմբի թվաքանակը:

Այս առումով կարեւոր է, որ ԱՄՆ պետական դեպարտամենտը ողջունել է «Քրդական բանվորական կուսակցության» ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու որոշումը և այն անվանել «քաղաքակրթության հաղթանակ»: Հարցին, թե ի՞նչ մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանությունների և քրդական կազմակերպությունների միջև բանակցություններում, պետդեպի ներկայացուցիչը խուսափողական պատասխան է տվել, որ չի ցանկանում մանրմասնությունների մեջ խորանալ, ինչից կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն, այնուամենայնիվ, ՔԲԿ ինքնալուծարման և զինաթափվելու որոշման կայացմանը որոշակի մասնակցություն ունեցել է:

Արևմտյան փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով «Քրդական բանվորական կուսակցության» ինքնալուծարումը և զինված ուժերի կազմացրումը Թուրքիային «զրկում է հարևան երկրներում ռազմական գործողությունների դիմելու առիթներից»: Խոսքն, անկասկած, Իրաքի և Սիրիայի մասին է: Ֆորմալ առումով, իհարկե, դա ճիշտ է, բայց ո՞վ է երաշխավորը, որ քրդական բոլոր խմբավորումները կենթարկվեն զինաթափման որոշմանը կամ Թուրքիան ինքը Սիրիա և Իրաք ներխուժելու առիթներ չի ստեղծի:

Ըստ երևույթին, նման անցանկալի հեռանկարը բացառելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար է, որ ԱՄՆ-ը Սիրիայի համար «բացում է աշխարհի դռները»: Միացյալ Նահագներն, ինչ խոսք, այդ տեղաշրջանում սեփական շահերն ունեն: Բացառված չէ, որ Թրամփի որոշմանն ազդել է նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաայի Փարիզ այցը: ԱՄՆ-ը, հավանաբար, հակակշռում է Դամասկոսի հետ մերձենալու ուղղությամբ Փարիզի քայլերը: Խորքային իմաստով, կարծես, դա նաև ուղղված է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հեռանկարի դեմ:

Ստեղծվում է Թուրքիայի համար բավական բարենպաստ իրավիճակ, երբ Անկարան կարող է հարաբերությունները բարելավել թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության հետ, ինչպես նաև պահպանել ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդությունը: Այս համատեքստում նկատելի է Իսրայելից Միացյալ Նահանգների դիստանցավորումը: ԱՄՆ նախագահը միաժամանակ ակնհայտորեն «դավաճանում է» Թուրքիայի արևմտամետ ընդդիմությանը, նրա վերջին քայլերն, անկասկած, նպաստելու են Էրդողանի վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև թուրքական տնտեսության աշխուժացմանը:

Այդուհանդերձ, պարզ չէ կամ դժվար է կռահել՝ Դոնալդ Թրամփը Թուրքիային վերադարձնում է արեւմտյան ճամբա՞ր, թե՞ նպաստում, որպեսզի Անկարան «օսմանյան ծառանգության իրավունքի» բերումով Մերձավոր Արևելքի առնվազն երկու երկրի՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ ազդեցություն տարածի և ամրապնդի: Անհավանական չէ, որ Թրամփի թիմի պատկերացմամբ Թուրքիան կարող է «ազատվել ահաբեկչությունից եւ կայունության երաշխավոր լինել»: Թուրք մեկնաբան Քուչուկն արդեն իսկ հայտարարել է, որ «Էրդողանն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի»:

Leave a Comment