
Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հաստատել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանը և վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:
Այդ հորդորից հետո, երեկ Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» և «անհեթեթություն» որակեց Բաբայանի պնդումները:
«Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սամվել Բաբայանի խոսքերը «անհեթեթություն և կեղծիք» որակելուն, ապա վերջինս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այն, քանի որ այդ դեպքում ազգային նշանակության այդ գործը կիջեցվի անձնական բանավեճի մակարդակի, ինչից չի շահի բուն քննությունը: Փոխարենը, գործի հանգամանքների վրա լույս սփռելու նպատակով, առաջարկվում է ձեռք բերել և քննության առարկա դարձնել, լրագրող Սուրեն Սարգսյանի պնդմամբ, ազգային անվտանգության մարմնում առկա ձայնագրությունները», – «Ազատությանը» փոխանցել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից:
