
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նրանք նաև ընդգծել են երկու երկրների միջև ավելի մեծ համագործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման նպատակով։
Արաղչին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական սպանությունները և Գազայում ու Արևմտյան ափին տեղահանումները։
Նա նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա՝ անընդունելի անվանելով իսրայելական «զավթողական քաղաքականությունը և միջազգային իրավունքի շարունակական խախտումները» և ընդգծելով դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող անուղղակի բանակցություններին։ Արաղչին էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։