
Թուրքիայում հնարավոր բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը կպահանջի Ուկրաինայի կապիտուլյացիան, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, Կիևում իշխանափոխությունն ու տարածքների զիջումը։ Այս մասին գրում է «The Times»-ը։
Ամսագիրը նշում է, որ Մոսկվան պահանջում է վերացնել «հակամարտության արմատական պատճառները», և բանակցությունները, ըստ Պուտինի, հնարավոր են միայն «Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներից» հետո։
«Մոսկվան ցանկանում է ստանալ տարածքներ, որոնք դեռ չի նվաճել»,- ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը:
Չնայած Վլադիմիր Զելենսկու հստակ դիրքորոշմանը, որ բանակցությունները հնարավոր են միայն ուկրաինական քաղաքների վրա հարձակումների դադարեցումից հետո, Դոնալդ Թրամփը պահանջում է անհապաղ հանդիպում Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների միջև, գրում է ամսագիրը՝ հիշեցնելով, որ «Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել Թուրքիայում՝ այս հինգշաբթի»։
Կիևը, սակայն, չի թաքցնում իր կասկածները նման երկխոսության նպատակահարմարության վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նման բանակցություններն անվանել է «մեծ պատրանք», իսկ եվրոպացի առաջնորդները Մոսկվային սպառնացել են նոր պատժամիջոցներով, եթե չդադարեցնի ռազմական գործողությունները։