Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։

«Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և անմիջապես։ Առնվազն նրանք (ուկրաինացիները- խմբ․) կկարողանան որոշել, թե արդյոք հնարավոր է գործարք, իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան ուժերի հավասարակշռությունը և կկարողանան գործել համապատասխանաբար», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր Ուկրաինայի հարցով բանակցություններն իր երկրում անցկացնելու Անկարայի պատրաստակամության մասին։

Մայիսի 8-ից մեկնարկել էր ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: Մայիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը կմտածի Կիևի՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին։

Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։

Leave a Comment