ՀՀ թոշակառուների միությունն այսօր մոտ 100 ակտիվ անդամ ունի, բայց երբ հավաքվելու և գործունեություն ծավալելու մշտական վայր ունենա, համակիրների թիվը կավելանա՝ հաշվի առնելով, որ մեր երկրում կենսաթոշակառուների թիվը մոտենում է կես միլիոնին: Սա ՀՀ թոշակառուների միության նախագահ Վռամ Սարգսյանի կարծիքն է, որ օրուգիշեր պայքարում է, որ տարեկիցներն իրենց աշխատած տարիների համար պատշաճ թոշակ ստանան:
«Շատ են դեպքերը, երբ մարդու աշխատանքային գրքույկում առկա է տեղեկատվություն աշխատած վայրի ու տարիների մասին, բայց քանի որ այդ ընկերությունը լուծարվել է կամ արխիվը չի պահպանվել, շահառուն իր տարիների վաստակին համարժեք թոշակի չի ստանում»,- ասում է նա: Դատարանի միջոցով վկաներ գտնելով աշխատածն ապացուցելը երկար ու բարդ գործ է, բացի դրանից, իրավաբանի դիմելն էլ միջոցների հետ է կապված: Արխիվում սեփական աշխատանքային փորձի ապացուցող թղթեր որոնելն ամենահաճելի զբաղմունքներից չէ, հատկապես, որ շատ հաճախ կարող է պսակվել անհաջողությամբ:
Այս ու հաճախ ի հայտ եկող խնդիրների մասին Վռամ Սարգսյանն ու համախոհները քանիցս իրազեկել են պետական մարմիններին, բայց դեռևս հուսադրող ու երկարաժամկետ լուծումներ չկան: