Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա ակնհայտ սուտ է որակել London Times կայքում արված հրապարակումը, ըստ որի՝ Փաշինյանը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները «գաղտնի պայմանավորվածություններ ունեն եվրոպական դեղագործական ընկերությունների հետ»։

Բաղդասարյանը մանրամասնել է, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

Նա պարզաբանել, որ հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։
«Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ»,- գրել է Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու կառավարության ջանքերին հակազդելու համար։

London Times կայքում մայիսի 2-ին հրապարակված հոդվածում ասվում է, որ արևմտյան դեղագործական ընկերությունները «բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների անվան տակ» Հայաստանում գործարկել են «նոր հոգեներգործողների, ստերոիդների և այլ վտանգավոր նյութերի փորձարկման մասշտաբային ծրագիր»։ Նշվում է, որ դեղերը «փորձարկվում են Հայաստանի բնակչության խոցելի խավերի՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա»: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները և վարչապետը հավանություն են տվել «իրենց երկրի քաղաքացիների նկատմամբ փորձարկումներին ՝ հանուն եվրոպական պետությունների բարեհաճության և ֆինանսական շահի»:

Leave a Comment