Էստոնիայում՝ ՌԴ-ի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել

Քաղաքականություն

09.05.2025 | 21:13

Էստոնիայի Նարվա քաղաքում՝ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող գետի ափին գտնվող միջնադարյան ամրոցի պատին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պաստառն է փակցվել՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով, գրում է Meduza-ն։

«Պուտլերը ռազմական հանցագործ է» մակագրությամբ պաստառի լուսանկարը հրապարակվել է ամրոցի ներսում գտնվող Նարվա թանգարանի կողմից։ Թանգարանի տնօրեն Մարիա Սմորժևսկիխ-Սմիրնովան Պուտինի պատկերով պաստառն անվանել է «լայնամասշտաբ պատերազմի և ռազմական հանցագործությունների մասին հիշեցում-ուղերձ»։

«Այսօր՝ Եվրոպայի օրը, մենք նշում ենք խաղաղությունն ու ազատությունը։ Միևնույն ժամանակ, մեր կողքին Պուտինի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ տարին։ Մենք բռնապետին անվանում ենք բռնապետ, պատերազմական հանցագործությունները՝ պատերազմական հանցագործություններ»,- ասել է նա ERR-ին տված մեկնաբանության մեջ։

Նարվա թանգարանը մայիսի 9-ին արդեն երրորդ տարին անընդմեջ կախում է «Պուտինը ռազմական հանցագործ է» կարգախոսով պաստառ, որպեսզի այն տեսանելի լինի սահմանի մյուս՝ ռուսական կողմում՝ Իվանգորոդում։

Թանգարանի տնօրենը հայտարարել է, որ սա «սադրանք չէ, այլ թանգարանի և «Պրոպաստոպ» կազմակերպության կողմից նախապես ծրագրված ինստալյացիա»։ 2025 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Մարիա Սմորժևսկիխ-Սմիրնովային՝ մի խումբ անձանց կողմից քաղաքական դրդապատճառներով ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով։

Իր հերթին, Իվանգորոդում ամեն տարի մայիսի 9-ին ափամերձ գոտում տեղադրվում են էկրաններ և բեմ, որը կարելի է տեսնել էստոնական կողմից։ 2025 թվականին Հաղթանակի շքերթը հեռարձակվել է  էկրանին, իսկ ավելի ուշ սկսվելու է տոնական համերգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment