Հայաստանին վերագրվող սահմանային խախտումների վերաբերյալ Երևանը հետաքննություն է իրականացրել և տվյալները փոխանցել է Ադրբեջանին, լրագրողներին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա մանրամասնել է, որ հայկական կողմը հետաքննությունն իրականացրել է Բաքվի փոխանցած տվյալների հիման վրա։
ԱԽ քարտուղարը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն, իր հերթին, հետաքննություն է արել և պարզել, որ, ընդհանուր առմամբ, «սահմանային խախտումներ չեն արձանագրվել»։
Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել: Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 8-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը: Նմանատիպ խախտումներ նաև նախորդ ամիս էին գրանցվել:
Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների հետևանքով վնասվել էր Սյունիքի Խնածախ գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։
