Զելենսկին բացահայտել է Թրամփի հետ իր հեռախոսազրույցի բովանդակությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որը նա որակել է որպես «լավ, շատ ջերմ և կառուցողական»։ Կողմերը քննարկել են տնտեսական գործընկերության համաձայնագրի հարցերը, Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու քայլերը և Կիևի ու Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունները, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությանը։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ զրուցակիցներն «իրենց ժողովուրդներին շնորհավորել են Եվրոպայում Հաղթանակի օրվա՝ նացիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ»։
Զելենսկին պատմել է նաև, որ կողմերը ողջունում են Գերագույն Ռադայի կողմից տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Ուկրաինայի նախագահն այն «համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ բացող հիրավի պատմական փաստաթուղթ» է անվանել:
Բացի դրանից, Զելենսկին և Թրամփը քննարկել են «խաղաղության համար հետագա ջանքերի անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը»։
«Նախագահ Թրամփը հետաքրքրվեց մարտադաշտում տիրող իրավիճակով, և ես նրան տեղեկացրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է նաև, որ երկիրը պատրաստ է 30-օրյա հրադադարի «թեկուզ հենց այսօրվանից»։
«Դա դիվանագիտության համար մեծ հնարավորություններ կարող է ընձեռել։ Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի հենց հիմա, հենց այս րոպեից՝ 30-օրյա լռության։ Միայն իսկական հրադադար։ Որպեսզի հրթիռային հարվածներ, անօդաչու թռչող սարքեր չլինեն, և որպեսզի ճակատում հարյուրավոր հարձակումներ չլինեն»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ նրա՝ Կիևում սպասում են, արդյոք Ռուսաստանը կհամաձայնի՞ այդ առաջարկին։
«Նրանք պետք է ապացուցեն պատերազմը դադարեցնելու իրենց պատրաստակամությունը։ Եվ դա առաջին անգամը չէ՝ մենք դա դարձյլա առաջարկում ենք։ Երեսուն օրը կարող է լինել խաղաղության տարիների սկիզբը։ Հենց երկարատև և հուսալի հրադադարն է լինելու խաղաղության ուղղությամբ շարժման իրական ցուցիչը։ Ամերիկան ​​կարող է օգնել այս հարցում։ Աշխարհն Ամերիկայի կարիքն ունի նույնքան, որքան 80 տարի առաջ»,-նշել է պետության ղեկավարը։
«Համատեղ գործողությունների» քննարկման ժամանակ Զելենսկին բարձրացրել է ԱՄՆ աջակցության թեման, որն այնքան անհրաժեշտ է Ռուսաստանի վրա ճնշման հարցում՝ ճնշում խաղաղության համար, և կողմերը քննարկել են նաև դիվանագիտական ​​աշխատանքը։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ իրական և երկարաժամկետ հրադադարը՝ առնվազն 30 օրով, կարող է դիվանագիտության համար բազմաթիվ հնարավորություններ ընձեռել։
«Ես նաև հաստատեցի, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու իր մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,-ընդգծել է Զելենսկին։
Ըստ նրա՝ Թրամփը հաստատել է, որ ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի, պատրաստ է օգնել և աջակցում է հրադադարի անհրաժեշտությանը։
Զելենսկին հավելել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ միասին պայմանավորվել են հետագա շփումների վերաբերյալ։

Leave a Comment