Ինչ եկամտաբերություն են ապահովել կենսաթոշակային ֆոնդերը 2025թ. առաջին եռամսյակում

Հայաստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդերը 2025թ. առաջին եռամսյակում ամփոփել են իրենց գործունեությունը դրական արդյունքներով՝ պահպանելով երկարաժամկետ կայուն աճի միտումը՝ չնայած համաշխարհային շուկաների զգալի տատանումներին: 

Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող Կայուն եկամտային ֆոնդը (CQFIX) 2025թ. առաջին եռամսյակում գրանցել է 2.3% եկամտաբերություն, Պահպանողական ֆոնդը (CQCON)՝ 0.8%, իսկ Հավասարակշռված ֆոնդը (CQBAL)՝ 0.2%: Նմանատիպ ցուցանիշներ են արձանագրվել նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի կողմից՝ Կայուն եկամտային (AMFIX), Պահպանողական (AMCON) և Հավասարակշռված (AMBAL) ֆոնդերն առաջին եռամսյակում ամփոփվել են համապատասխանաբար 2.3%, 1.2% և 0.5% եկամտաբերությամբ: 

Ինչ եկամտաբերություն են ապահովել կենսաթոշակային ֆոնդերը 2025թ. առաջին եռամսյակում

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծ մասն այսօր շարունակում է ներդրված մնալ Հայաստանի տնտեսության մեջ: Ցե-Կվադրատ Ամպեգայի պորտֆելում դա կազմում է 67-73%, իսկ Ամունդի-Ակբայի պորտֆելում՝ մոտ 66%: Ներդրումների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ առաջնային ուղղությունը, մինչդեռ շուրջ 20% ներդրում կատարվում է Հյուսիսային Ամերիկայում, իսկ մնացած բաժինը՝ Եվրոպայում, զարգացող շուկաներում և այլ տարածաշրջաններում: 

Երկարաժամկետ հեռանկարում ֆոնդերը պահպանել են դրական միջին տարեկան եկամտաբերություն՝ ստեղծման պահից մինչև այսօր: Ցե-Կվադրատ Ամպեգայի տվյալներով՝ Կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 8.1% միջին տարեկան եկամտաբերություն, Պահպանողականը՝ 7.8%, իսկ Հավասարակշռվածը՝ 7.9%: Ամունդի-Ակբայի նույն ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 7.3%-7.7%: Ստացվում է՝ անկախ շուկաների տատանումներից՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ընթացքում նրանք կարողացել են պահպանել գնաճից բարձր եկամտաբերություն և ավելացնել կուտակված միջոցների գնողունակությունը:

Ինչ եկամտաբերություն են ապահովել կենսաթոշակային ֆոնդերը 2025թ. առաջին եռամսյակում

Հաշվետու ժամանակահատվածում կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվները կազմել են 554-598 միլիարդ դրամ: Դրանցից մոտ 127 միլիարդ դրամ (Ցե-Կվադրատ Ամպեգա) և ավելի քան 124 միլիարդ դրամ (Ամունդի-Ակբա) կազմում է ֆոնդերի կառավարման արդյունքում գոյացած եկամուտը: Հատկանշական է, որ կուտակումների գնողունակությունը ստեղծման պահից ավելացել է շուրջ 98-104%՝ գերազանցելով նույն ժամանակահատվածի գնաճը մոտ 33% մակարդակով:

Տնտեսական միջավայրը և դրա ազդեցությունը ֆոնդերի վրա

2025 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային շուկաները բավականին բարդ միջավայրում են գործել: ԱՄՆ տնտեսությունը պահպանել է դիմակայունություն՝ գրանցելով 0.6% աճ, սակայն ԱՄՆ բաժնետոմսերն ունեցել են շուրջ 4.3% անկում: Եվրոպայում տնտեսական ակնկալիքներն ավելի լավատեսական են եղել՝ բաժնետոմսերը գրանցել են 7.7% աճ, իսկ դրամավարկային քաղաքականության մեղմացման ֆոնին ԵԿԲ-ն նվազեցրել է իր տոկոսադրույքը 50 բազիսային կետով: Հայաստանում 12-ամսյա գնաճը մարտին կազմել է 3.3%՝ պահպանելով ԿԲ-ի թիրախային միջակայքում, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 25 բազիսային կետով՝ սահմանվելով 6.75%:

Այս բոլոր զարգացումների ֆոնին կենսաթոշակային ֆոնդերը պահպանել են իրենց պահպանողական ներդրումային ռազմավարությունը՝ գերակշռող մասը ներդնելով պետական պարտատոմսերում, որոնք շարունակել են ապահովել 3.3%-3.5% եռամսյակային եկամտաբերություն: Տեղական բաժնետոմսերը 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցել են 2.5% եկամտաբերություն, իսկ կորպորատիվ պարտատոմսերը՝ միջինը 2.2%-3% եկամտաբերություն: Սակայն արտասահմանյան բաժնետոմսերի պորտֆելներն ունեցել են բացասական ազդեցություն՝ գրանցելով մոտ 3-3.5% անկում՝ հատկապես ԱՄՆ շուկաների անկման հետևանքով:

Leave a Comment