Հնդկաստանն արգելք է սահմանել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա

Քաղաքականություն

08.05.2025 | 17:00

«Իմ կողմից  ստացված տեղեկատվության համաձայն՝ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա։ Դա շատ սխալ որոշում է»,- այս մասին մամուլի ասուլիսում  հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Գասիմ Մոհիուդինը։

«Նման որոշում կայացնելու փոխարեն հնդկական կողմը պետք է նախաձեռնություն ցուցաբերի տարածաշրջանում առաջացած լարվածությունը կարգավորելու համար»,- նշել է դիվանագետը։

Պաշտոնական Բաքուն ու Նյու Դելին Պակիստանի դեսպանի այս հայտարարությունների վերաբերյալ դեռ որևէ մեկնաբանություն չեն արել։

Հիշեցնենք, որ  Հնդկաստանը հայտարարել էր, որ «Սինդուր» ռազմական գործողությունն է սկսել Պակիստանի դեմ՝ հարվածներ հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի  կողմից կառավարվող Քաշմիրում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարություն էր տարածել, որով  դատապարտել էր Հնդկաստանի կողմից իրականացված ռազմական գործողությունները։

«Մենք դատապարտում ենք Պակիստանի Իսլամական Հանրապետության վրա ռազմական հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Պակիստանի ժողովրդին, ցավակցություն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-ասվում էր հայտարարության մեջ։

Բաքուն կոչ էր արել «բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և լուծել հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a Comment