
Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը: Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։
Կառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ: