Ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից. Փաշինյանն արձագանքել է Ալիեւին – ՓԱՍՏԻՆՖՈ

Ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից,-նման հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում արձագանքելով Ալիեւի հայտարարություններին։

Ադրբեջանի նախագահը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի ետքաշմանը:ղ՝ղ՝

Ներկայացնելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում:

«Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է Փաշինյանը ու ավելացրել. «Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, ապա երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով»:

Արմենպրեսի ճշգրտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment