Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի պաշտոնավարումից ուղիղ մեկ շաբաթ անց համայնքապետարանը ֆեյսբուքյան նոր էջ է բացել։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը, տեղեկացնելով նոր էջի ստեղծման մասին, խնդրել է «անխնա տարածել» այն։
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չեն վերականգնում հին էջը, որը 21 հազար հետևորդ ունի։ Նրան համայնքապետարանից պատասխանել են․ «Հարգելի՛ քաղաքացի, մենք նույնպես շահագրգիռ էինք վերականգնել էջը, հաշվի առնելով, այո՛ հետեւորդների մեծ թիվը, սակայն տեխնիկապես բարդ էր եւ շատ ժամանակատար»։
Քնարիկ Հարությունյանը, պատասխանելով ավագանու անդամներից մեկի՝ Վովա Հակոբյանի հումորային գրառմանը, թե « Հին էջը հետները մանդատը վայր է դրե՞լ», պարզաբանել է, որ իր տեղեկություններով՝ էջի գաղտնաբառը չեն տրամադրել, այդ պատճառով էլ ստիպված են եղել բացել նորը։
Օգտատերերից մեկն էլ առաջարկել է․ «Հավաքագրեք բոլոր համայնքապատկան էջերի գաղտնաբառերը ու թող լինի համայնքային սեփականություն։ Սա ի՞նչ խայտառակություն է, սա ձեր դեմքն է, նախկին քաղաքային իշխանության դեմքն է, պետական ապարատի դեմքն է»։
Ինչևէ, այսօր քաղաքապետարանում խոսակցության կարևոր թեմաներից մեկը հենց սա էր․ «Գնացին, էջն էլ հետները փակեցին»։
Իսկ մեծ թվով հետևորդներ ունեցող հին էջում վերջին գրառումը կատարվել է հոկտեմբերի 21-ին․ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից ու «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելուց մեկ շաբաթ առաջ։
Վերջին գրառմամբ խոսվում է 2023թ.-ից 2024թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրով Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի, նստարանների և ծաղկամանների մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: