ԱԱ. Տաթեւ Հակոբյանը 13-րդն է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 14-ին մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի կանանց թիմի վերջին ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը:

Կանանց 87 կգ քաշայինների պայքարում Հակոբյանը երկամարտում  գրանցեց 230 կգ եւ զբաղեցրեց 13-րդ տեղը։

Պոկում վարժությունը նա մեկնարկեց 102 կգ-ով: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ պոկեց 105 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 108 կգ, բայց Հակոբյանը ձախողեց:

Այս վարժությունում Տաթեւ Հակոբյանը պայքարն ավարտեց 12-րդ տեղում:

Հրում  վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 125 կգ։ Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ ձախողեց 130, ապա 132 կգ-երը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Վու Յանը (272 կգ, 120+150 կգ):

Տաթեւ Հակոբյանը 2013 թ. Եվրոպայի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր է, 2017 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն: 2019 թ. Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր, նույն տարվա աշխարհի առաջնությունում՝ 10-րդ-ը: 2021 թ. աշխարհի առաջնությունում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով 5-րդն էր: 2022 թ. Եվրոպայի առաջնությունում ձախողելուց հետո, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը 76 կգ քաշային կարգում երկամարտի 226 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (104+122): Նույն տարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Հակոբյանը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132):

 Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment