Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռիա
Նովոստի»-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Հայաստանի
հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից՝ նշելով, որ Երևանին ու Բաքվին մնում է պայմանավորվել միջազգային դատական
ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարվելու և միասնական սահմանին օտարերկրյա ուժերի
տեղակայման շուրջ։
Նա նշել է, որ հենց այս երկու
կետերն են, որոնք դեռևս համաձայնեցված չեն խաղաղության պայմանագրի նախագծում։ Ալիևը
դրանք անվանել է Ադրբեջանի պայմանները։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Հարցին, թե կգնա՞ արդյոք Ալիևը խաղաղության պայմանագրի
ստորագրման, թե՞ ոչ, քաղաքագետն ասաց. «Նախ պետք է լինի համապատասխան միջազգային ճնշում,
կարելի է դա ասել ճնշում, կարելի է ասել հորդոր՝ միջազգային հանրության կողմից, շատ
հաստատակամ հորդոր, որ անհրաժեշտ է շուտափույթ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը,
որ դա բխում է բոլորի շահերից, որ ընդհանուր առմամբ միջագզային հանրությունը գերշահագրգռված
է դրանում։ Դա՝ մեկ։ Երկրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ իր համար վերջիվերջո
շահեկան է խաղաղությունը, որ շահելու է ավելի շատ, քան կորցնելու
է, հակառակ պարագայում ավելի շատ կկորցնի, խաղաղության գնալով՝ ավելի շատ ձեռք կբերի»:
Էդգար Վարդանյանի կարծիքով՝ երրորդ
հանգամանքն այն է, թե որքանով կարող է Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում
այս հարցը լուծել, այսինքն՝ այնպես անել, որ Ռուսաստանը չկարողանա խանգարել և հակառակը՝
որոշակիորեն կարողանա նաև նպաստել դրան։ Եվ այստեղ, ըստ քաղաքագետի, պետք է խոսել այն
մասին, որ նույն այդ հարցազրույցը առաջին հերթին
խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որոշակի կախվածություն ունի Ռուսաստանից՝
այն առումով, որ փորձում է այնպես անել, որ Ռուսաստանը ոչ թե վնասի Ադրբեջանին, այլ
հակառակը, և վնասելու այդ հավանականությունը Ադրբեջանը հավանաբար գնահատում է ոչ այնքան
ցածր։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան