Դեմ ըլալլով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում


Ապրիլի 16-ը`Գյումրու նորընտրվելիք ավագանու առաջին նիստի օրը, սարերի ետևում չէ, Գյումրիում սակայն հետընտրական կրքերը չեն հանդարտվում, փոխարենը բորբոքվում են նորովի:

Հատկապես սոցհարթակներում չեն դադարում ընդդիմադիր տարբեր խմբերի՝ միմյանց ուղղված մեղադրանքները՝ իրար դավաճանելու, ինչ-որ քայլերում շտապելու, թասիբ-նամուս անարգելու ոճի մեջ:

Այս առանձին-առանձին ընտրական շեմը հաղթահարած ուժերը նպատակ ունեն որպես դետալներ իրենց տեղը գտնել կոմունիզմի ծաղկեփնջի կոմպոզիցիայի տերևների և ծղոտների արանքներում և կոմկուսի աստղին նոր փայլ հաղորդել՝ կարգել Գյումրու քաղաքապետ:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում մասնակից քաղաքական ոչ մի ուժի չհաջողվեց հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինք ու կոալիցիաներ կազմելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Գյումրեցիների մեծամասնության վստահությանն արժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունը՝ ստանալով 17 հազար 188 քվե:

ՀԿԿ-ն՝ 9 հազար 727, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 հազար 904, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 7 հազար 380, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը 3 հազար 739 քվե ստացավ:

Այս ընդդիմադիրները իրենց հետագա քայլերում չեղան այնքան միաբան, որքան նախընտրական քարոզչության ժամանակահատվածում էին: Նրանց միավորեց միայն քաղաքացիներին խաբելու, ձայներ գողանալու և դրանք մեկ այլ թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանին մատուցելու վարքը: Ընդամենը:

Ընտրական արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան»-ն ու «Իմ հզոր համայնք»-ը առանց ժամանակ կորցնելու հայտարարեցին, որ պատրաստ են իրենց ձայները տալ իրենց շարքերից առավելագույն քվեներ ստացած Վարդան Ղուկասյանին:

Մարտուն Գրիգորյանը մի քանի օր լռեց, հետո մի քանի խմբագրումներից հետո հրապարակեց նաև իր նույնաբովանդակ ասելիքը՝ մեղադրելով «Մայր Հայաստան»-ին ու «Իմ հզոր համայնք»-ին՝ իրեն ընտրության այլ հնարավորություն չթողնելու, քննարկման տարբերակ չունենալու համար:

Այսպիսով, ստացվում է, որ միանձնյա 17 հազար 188 քվե ունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ղեկավարման իր իրական հնարավորությունը զիջելու է 9 հազար 727 քվե ստացած, սակայն պարտքով ձայներ ձեռք գցելու ճամփեն բռնած Հայաստանի կոմունիստական կուսակցությանը:

Գյումրին ապրիլի 16-ին կունենա ոչ թե նոր քաղաքապետ, այլ հնի թարմացում, եթե, իհարկե այլ զարգացումներ չլինեն, քանի որ իրենց որոշումից կարճ ժամանակ անց Ղուկասյանին սատարողները հայտարարում են, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չեն կազմելու, չեն միավորվելու, ընդամենը քվեարկելու են նրա օգտին: Ավելին իրենց քվեարկածի պատասխանատվությունն էլ միայն իրենց հայտնի տրամաբանությամբ դնելու են ՔՊ-ի ուսերին: 

Թե ինչու են այս ուժերը ամեն կերպ հեռու մնում Վարդան Ղուկասյանից, չեն ուզում նույնականացվել և իրենց անունները տեսնել իրենց նախընտրելիի կողքին, գուցե ունեն հիմնավոր պատճառներ, սակայն կա պարզ ճշմարտություն, որ բոլորը միասին կշեռքի մեկ նժարում են՝ կողք-կողքի, ձեռք-ձեռքի, ուս-ուսի: Ավելի մոտ են, քանի պատկերացնում են, իսկ Ղուկասյանի օգտին քվեարկել, սակայն Ղուկասյանի գործողությունների պատասխանատվությունը չկրելն ու փախչելը իրենք էլ գիտեն՝ ինչ ձևակերպում ունի: 

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

1. Մինասյան Սարիկ –  Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2. Մկրտչյան Վահագն – Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

3. Բարսեղյան Էմմա – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ

4. Անանյան Լեվոն – ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ

5. Արամյան Շավարշ – ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

6. Հարությունյան Քնարիկ – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

7. Մանուկյան Հովհաննես – ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն

8. Բաղդասարյան Էդգար – «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն

9. Հայրապետյան Գալյա – ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն

10. Հակոբյան Անդրանիկ – չի աշխատում

11. Բեգզադյան Նարեկ – Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ

12. Բեյբուտյան Աստղիկ – «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն

13. Դավթյան Վահան – «Կարիտաս-Արեգակ» բարեգործական  հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ

14. Թորոսյան Կարեն – «Հանրապետական ՇՕ ծառայություն» ՓԲԸ-ի հյուսիսային տարածաշրջանի ղեկավար:

Հայաստանի կոմունիստական կուսակցության 8 մանդատով Գյումրու քաղաքապետարան կգան հետևյալ անձինք.

1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում

2. Առաքելյան Ավետիս – Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ

3. Անանյան Լուսինե – չի աշխատում

4. Ղուկասյան Գևորգ – Վարդան Ղուկասյանի եղբայրը, չի աշխատում

5. Սահակյան Սեդրակ – չի աշխատում

6. Մեսրոպյան Նարինե – չի աշխատում

7. Հարությունյան Արտակ -չի աշխատում

8. Էլբակյան Սամսոն- «Իգիթ» ՍՊԸ-ի առաքիչ

«Մեր քաղաքը»-ի 6 մանդատով Գյումրու ավագանին կհամալրեն հետևյալ անձինք.

1. Գրիգորյան Մարտուն – ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

2. Ադամյան Սվետլանա – ԱՁ-ի տնօրեն

3. Գևորգյան Հովհաննես – չի աշխատում

4. Գասպարյան Լիզա – Մարտուն Գրիգորյանի օգնական

5. Գրիգորյան Կարեն – Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ

6. Բադալյան Կարեն – չի աշխատում:

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի 2 մանդատը բաժին է հասնում հետևյալ անձանց

1. Սիմոնյան Կարեն – Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն

2. Մալխասյան Դերենիկ – չի աշխատում:

«Իմ հզոր համայնք»-ի 3 մանդատով ավագանու կազմը կհամալրեն

1. Մխիթարյան Ռուբեն Դավթի – պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն

2. Կիրակոսյան Վահե Սամվելի – «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

Ըստ ընտրական ցուցակի՝ 3-ը Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանն էր, ով ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:

Նրան ավագանու կազմում կփոխարինի մեկ այլ կին անդամ:

Հենց այս կազմով էլ Գյումրին գնում է նորընտիր ավագանու առաջին նիստին, որպեսզի ունենա հին ու նախկին քաղաքապետ՝ հնարավոր բոլոր հետևանքներով: Այս պարագայում թերևս նման քայլին գնացողների սկզբունքը մեկն է՝ դեմ ըլալլով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

145 դիտում

Leave a Comment