Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձեւավորել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած մի շարք հայտարարություններին։
«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երեւանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձեւավորելու համար»,- նշել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը ընդգծել է՝ Երեւանը չի գնալու այս ճանապարհով, հավատարիմ է մնալու խաղաղության ռազմավարությանը եւ հետեւողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը։
«Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,-պարզաբանել է Փաշինյանը:
Վարչապետը նաեւ նշել է, որ այս նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել Հայաստանը «ֆաշիստական պետություն» որակելու Ալիեւի հայտարարությունները, քանի որ փոխադարձ մեղադրանքները «գալարը կսկսեն լարել»։
«Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա եւ փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին»,-նշել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ «հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության»:
Շարունակելով միտքը վարչապետը նշել է, որ խախաղության օրակարգը նման ընկալումները քննարկելու եւ հասցեագրելու մասին է։ Նրա խոսքերով խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից որոշների էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դառնան եւ հասցեագրվեն։
Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ լուծումներ է Երեւանը առաջարկել Բաքվին եւ դրական պատասխանի դեպքում պատրաստ հայկական կողմը պատրաստ է ստորագրել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված չեն երկուսը եւ դրանք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարմանը։ Նա միեւնույն ժամանակ կրկնել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջները։
Նախօրեին էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Սահմանադրության փոփոխության հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Անդադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին Ալիեւի հայտարարությանը Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստվում է այն իրագործել։
«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով եւ Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, եւ մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,-հայտարարել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ աշխարհագրական պատնեշի դեր տանի, իսկ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի եւ կբացվի։
Խոսելով Հայաստանի սպառազինությունների ձեռք բերման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների մասին, թե դրանով նոր լարվածություն է բերվում տարածաշրջանին, Փաշինյանը նշել է, որ «Հայաստանի բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որեւէ տարր չկա»։
Հիշեցնելով, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարեւանների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ վարչապետը նշել է, որ Երեւանը նույնը ակնկալում է Բաքվից։
«Հայտարարել եմ նաեւ, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որեւէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»,-հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետը ընդգծել է նաեւ, որ Հայաստանն էլ մտահոգություններ ունի Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ լսել է Բաքվի մտահոգությունները, որից ելնելով էլ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձեւավորելու առաջարկ է ներակայացվել, որի պատասխանին դեռ սպասում են։
Փաշինյանը նաեւ հաստատել է Ալիեւի այն հայտարարությունը, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կայանլու է հունվարին։