Ինչպես արդեն հայտնել ենք,
անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել էր Թուրքիա:
Այցի ընթացքում քննարկվե՞լ
են արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները և Հայաստան-Ադրբեջան գործընթացները,
ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների
ճակատագրի հարցը: Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Ռաքին
հրաժարվել են թույլ տալ մտնել Ադրբեջան և տեսնել այն մարդուն, որին ինքը պետք է
պաշտպանի:
Պատասխանելով այս հարցերին՝ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական
ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է. «Ես չեմ խոսի այն մասնավոր դիվանագիտական զրույցների մասին, որոնք մենք ունեցել ենք, երբ քարտուղարը անցյալ շաբաթ տարածաշրջանում էր։ Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ, իհարկե, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դա այն է, որով մենք պարբերաբար զբաղվում ենք երկու երկրների պաշտոնատար
անձանց հետ, և ես կարծում եմ, որ ինձ համար ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես,
ինչպես կա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում բանտարկյալների կարգավիճակին, մենք, առանց որևէ
կոնկրետ դեպքի անդրադառնալու, ինչպես միշտ, հետևողականորեն կոչ ենք անում
Ադրբեջանին հարգել երկրի տարածքում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝
բանտարկյալների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Դուք տեսել եք,
թե ինչպես ենք մենք գործողություններ ձեռնարկում, երբ չենք տեսնում, որ Ադրբեջանը
հարգում է մարդու հիմնական իրավունքները Ադրբեջանում գտնվող բոլոր անձանց, և մենք շարունակում
ենք վարել այդ քաղաքականությունը»: