
Հնդիկ տղամարդը մասնատել է եղբոր կնոջը այն բանից հետո, երբ նա մերժել է իրեն։ Այս մասին գրում Է NDTV-ն։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Կոլկատայի բնակիչները նորաձև բարձրահարկ շենքի հետևում գտնվող աղբամանում հայտնաբերել են պոլիէթիլենով փաթաթված կնոջ գլուխ: Գտնվածի մասին հայտնել են ոստիկանությանը։ Մեկ օր անց իրավապահները ոստիկանական շների օգնությամբ հայտնաբերել են մոտակա լճակի մոտ թաքցրած իրանն ու մարմնի ստորին մասը։ Օգտագործելով տեսախցիկների ձայնագրությունները և հավաքված ապացույցները՝ ոստիկանությունը հետևել է կասկածյալին: Պարզվել է, որ դա 35-ամյա շինարար Աթիուր Ռահման Լասկարն է։
Ձերբակալությունից հետո Լասկարը խոստովանել է կատարվածը։ Պարզվել է, որ նա ամեն օր աշխատանքի էր բերում եղբոր 30-ամյա կնոջը, ով Կոլկատում աշխատում էր որպես տնային աշխատանքների օգնական։ Ամենօրյա շփման պատճառով Լասկարի մոտ զգացմունքներ են առաւացել նրա հանդեպ, սակայն կինը հավանություն չի տվել մերձենալու նրա փորձերին։
Բազմիցս մերժված սիրահետումներից հետո կինը սկսել է խուսափել Լասկարից և նույնիսկ հեռացրել նրա համարը հեռախոսից: Տղամարդը զայրացել է և աշխատանքից հետո հանդիպելով կնոջն՝ ստիպել է իր հետ գնալ կառուցվող շենք։ Այնտեղ տղամարդը խեղդել է նրան, գլխատել ու մասնատել, իսկ մարմնի մասերը հետագայում թաքցրել տարբեր տեղերում։
Լասկարին սպասում է բանտարկություն, այժմ նա գտնվում է կալանքի տակ։