Առուշանյանն անդրադառնալով պատգամավորական գործունեությունը դադարեցնելուն՝ սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես արդեն գիտեք՝ դադարեցնում եմ պատգամավորական գործունեությունս 8-րդ գումարման Ազգային ժողովում։
Այս տարիների ընթացքում ձգտել եմ իմ գիտելիքն ու փորձը օգտագործել միայն մեր երկրի շահի ու առաջընթացի համար։ Տեսել եմ նաև իմ գործընկերների արդար ու ազնիվ ձգտումը՝ համատեղ ջանքերով, միասին լավ գործ անելու։
Ուզում եմ իմ խորին երախտագիությունը հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, բոլոր պատգամավոր գործընկերներիս, ԱԺ աշխատակազմին:
Սա իսկապես լավագույն փորձառությունն էր՝ ավելի կոփվելու, լավագույն հնարավորութուն էր՝ ներդրում ունենալու երկիրը շենացնելու գործում:
Գիտեմ և վստահ եմ, որ գործընկերներս իրենց ճակատում անելու են առավելագույնը՝ մեր երկրի ապագայի համար։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր քաղաքական թիմին վստահած բոլոր քաղաքացիներին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դադարեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի պատգամավորի լիազորությունները:
Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: