
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սահմանի ապօրինի հատման գործով դատավորի նոր դատավճռից հետո բանտում կմնա մինչև 2034 թվականը։ Այդ մասին հայտնում է վրացական Pirveli հեռուստաընկերությունը։
«Դատավորը հայեցողական իրավունք ուներ դատավճիռն ավելացնելու արդեն գոյություն ունեցող ինը տարիների վրա: 2012 թվականից ի վեր սա առաջին անգամն է, որ օգտագործվում է նման իրավունք: Այժմ Սահակաշվիլու ազատազրկման ժամկետը երկարացվել է, ենթադրաբար մինչև 2034 թվականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը Սահակաշվիլուն դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման՝ սահմանի ապօրինի հատման գործով։
Նշվում է, որ դա կավելացվի 9 տարվա ազատազրկմանը՝ խոշոր չափով բյուջետային միջոցները վատնելու համար։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի նախկին նախագահը կալանքի տակ կմնա 12 տարի 6 ամիս՝ նրա ձերբակալման պահից (2021 թվականի հոկտեմբերի 1-ից)։