«Ռադիոլուրը» շարունակում է անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի այն կետերին, որոնց շուրջ մասնագիտական համայնքը վերապահումներ է հայտնում։ Նախագիծը, ի թիվս մի շարք փոփոխությունների, առաջարկում է նաև բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ուսանողների նվազագույն շեմ սահմանել, որը չբավարարելու դեպքում հաստատությունը կամ կրթական ծրագիրը կզրկվի լիցենզիայից և կդադարեցնի գործունեությունը։
Կարդացեք նաև
Կատյա Մանուկյանն այս տարի Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի գինեգործության կրթական ծրագիրն ընտրած միակ ուսանողն է։ Արեն Ղահրամանյան է այն միակ ուսանողի անունը, որն ընտրել է նույն համալսարանի անասնաբուժական սանիտարական փորձաքննության բաժինը։ Եթե «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագիծն ընդունվի ու եթե կրթական այս ծրագրերով հետաքրքրությունը 3 տարի շարունակ այսպես մնա, այս կրթական ծրագրերը կդադարեն գործել․
Օրենքի նախագիծ, հոդված 16, մաս 7․ Որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար սահմանային տեղերը պետք է լինեն նվազագույնը տասը՝ բակալավրի և հինգը՝ մագիստրոսի կրթական մակարդակների համար:
Նույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետ․ կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե երեք տարի անընդմեջ գրանցվում է սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունք։
Ստացվում է՝ բակալավրի կրթական ծրագիրը կշարունակի գոյությունը, եթե 3 տարի նվազագուjնը 5, իսկ մագիստրոսականը՝ նվազագույնը 3 նոր ուսանող ունենա։ Ագրարային համալսարանի Ուսումնական գործընթացների կառավարման վարչության պետ Արմեն Աղասյանն ասում է՝ ձեռնարկվել են քայլեր, որոնք կարող են ավելացնել ուսանողների հոսքը․
«Նախ սկսենք նրանից, որ նախարարության կողմից կառավարության որոշմամբ գերակա մասնագիտություններ կան, որոնք ընդունվելու ժամանակ 1-ին կուրսում բոլորը անխտիր, անկախ նրանից՝ վճարովի՞, թե՞ անվճար են ընդունվել, ստանում են կրթաթոշակ։ 2-րդ կուրսից սկսած, եթե մոգը 80 է, էլի թոշակ են ստանում պետության կողմից։ Բացի դա մենք ստեղծել ենք ագրոդասարաններ, որոնք ավարտելուց հետո (25-26 ուստարվա դիմորդները կլինեն), առանց քննության պետք է ընդունվեն մեզ մոտ»։
Բուհը պետք է մեծացնի մասնագիտությունների գրավչությունը՝ վստահ են ԿԳՄՍ նախարարությունում։ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ եթե կրթական ծրագիրը հետաքրքիր չէ դիմորդներին, գուցե պետք է մտածել դրա գոյության անհրաժեշտության մասին․
«Բուհը մատուցում է կրթական ծառայություն, եթե տվյալ կրթական ծառայությունը սպառում չունի, հետևաբար դա 2 պատճառ ունի․ կա՛մ պատշաճ մակարդակի չի լուսաբանվում, չի ներկայացվում հանրությանը, կա՛մ հանրությանը պետք չի դա։ Այս պարագայում մտածելու տեղ կա՝ միգուցե գինեգործ դառնալու համար բակալավր պետք չէ՞ լինել, միգուցե մաքուր քիմիայի ֆակուլտետը արդեն էդքան մոդայիկ կամ գրավիչ չէ՞ հանրության համար՝ որպես ծառայություն, միգուցե պետք է վերանայել արդեն նյութագիտությա՞ն տեսանկյունից։ Հա, որպեսզի մարդիկ էլ հասկանան, թե ինչ է էս ֆակուլտետն առաջարկում։ Այսինքն՝ միգուցե քո արտադրանքի ժամանակակից լինելու խնդի՞րը կա, միգուցե մենք դեռևս, կոպիտ ասած, «ժիգուլի՞» ենք վաճառում մարդկանց, փոխարենը, ասենք, էլեկտրոմոբիլներ առաջարկենք»։
Ծառայություն «վաճառողը» բուհն է՝ ասում է Գիտության կոմիտեի նախագահը, նա պետք է փորձի գտնել սպառող։ Սա պետությանն է անհրաժեշտ՝ ասում է Ագրարային համալսարանի Ուսումնական գործընթացների կառավարման վարչության պետը, նա պետք է փորձի գրավչությունը մեծացնել․
«Բուհը մենակ դիմորդներով չէ, պետությունը պետք է շահագրգռված լինի, որ գյուղատնտեսությունը զարգանա, իսկ գյուղատնտեսությունը զարգանում է իրա մասնագետներով։ Եթե անասնաբույժի կարիք չունի պետությունը, թող փակի, թող դրսից մարդ բերի, միլիոններ ծախսի, էն էլ ասի՝ ձեր կլիման ու ձեր ռելիեֆը էն չի, ոնց որ մերն է, դրա համար ձեզ մոտ պետք չի անասնաբուծությամբ զբաղվել։ Դուք ավելի լավ է պարսկական ու թուրքական զիբիլները բերեք, կերեք, ոչ թե ձեր արտադրանքը արեք»։
Օրենքի նախագծի մեկ այլ հոդված էլ ուսանողների քանակով պայմանավորված՝ կասկածի տակ է դնում բուհերի լիցենզավորման հնարավորությունը։
Հոդված 15. Մաս 5. Լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային տեղը, որը չի կարող պակաս լինել 4000-ից:
Նույն հոդվածի 13-րդ մասի 6-րդ կետ․ Մասնագիտացված կառույցի առաջարկով բուհին տրված լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել, եթե 3 տարի անընդմեջ համալրվում է լիցենզիայով տրամադրված ուսանողների սահմանային տեղերի 50 տոկոսից պակասը։
Սարգիս Հայոցյանն է ներկայացնում սահմանային այս շեմերի անհրաժեշտությունը․
«Սա բուհերի խոշորացման և բուհական համակարգի պետության տեսլականի ձևակերպումներից մեկն է նաև, որ մենք չունենանք միկրոսկոպիկ բուհեր, որտեղ բացակայում է սոցիալական հարթությունը։ Կրթությունը տեղի է ունենում նաև միջուսանողական՝ ուսանող-դասախոս հարաբերությունների տիրույթում, շատ ավելի կարևոր են դառնում միջանձնային հմտությունները, այսինքն՝ տվյալ ուսանողը հաճախելով ուսումնական հաստատություն, ի՞նչ է տեսնում իր շուրջը, ի՞նչ է զգում էդ միջավայրում, գրադարան ունի՞, թե՞ չունի, կաֆետերիա կա՞, որտեղ ինքն ու դասախոսը մի հարթության մեջ են, միասին կարող են սրճել, խոսել և այլն, և այլն։ Ուսանողական հանրույթ ձևավորելու տարողունակություն ունի՞ էդ բուհը, թե՞ չունի»։
Կան բուհեր, որոնք չեն համապատասխանելու այս պահանջներին, ասում է Հայոցյանը, և առաջարկում լուծում՝ խոշորացում։ Միևնույն ժամանակ հուշում՝ բուհերը այս ուսանողների և նրանց սպասարկելու համար անհարժեշտ ենթակառուցվածքների թիվը մեծացնելու հնարավորություն կունենան օրենքի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում։